Կաշառքի գործով դատավոր Բարսեղյանին 7-12 տարի ազատազրկում է սպառնում

«20 տարուց ավելի այս դատարանում և այս դահլիճում եղել եմ դատողի կարգավիճակում...»,- այսօր ասաց նա։

yerkir.am — Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը:

Բարսեղյանի գործը քննող դատավոր Կարեն Մարդանյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, եւ դադարեցվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները: Դատավորի գործը մակագրվել էր մեկ այլ՝ նորանշանակ դատավորի: Շուրջ 20 տարի դատավոր աշխատած Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործով նախագահողը մեկ ամիս առաջ դատավոր նշանակված Վաչե Մարգարյանն է:

Նիստի մեկնարկին ամբաստանյալը հանդես եկավ միջնորդությամբ՝ նշելով, որ գործով դատախազը պատշաճ մեղադրող չէ, և որ պետք է բացառել նրա մասնակցությունն այս գործով դատավարությանը: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չի կարող համարվել, քանի որ, համաձայն օրենքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պարտավոր ներկայանալ դատարան և ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունը:

«Մարդ, ով 20 տարուց ավելի է` այս դատարանում և այս դահլիճում եղել է դատավորի՝ դատողի կարգավիճակում, ճակատագրի հեգնանքով այսօր նույն այս դահլիճում հանդես է գալիս ամբաստանյալի, ես կասեի` դատապարտվողի կագավիճակում»,- ասաց նախկին դատավորն ու ուշադրություն հրավիրեց ՀՀ քրեական, դատական և դատախազության մասին օրենքների վրա:

Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է, որպեսզի դատավորի վերաբերյալ քննվող գործի դատաքննության ընթացքում դատախազական հսկողություն իրականացնի գլխավոր դատախազը: Բարսեղյանը հիշեցրեց, որ քրեական օրենսգիրքը դատավորի համար հատուկ իրավանորմ է սահմանել և կաշառք ստանալու համար նախատեսում է 7-12 տարի ազատազրկում, մինչդեռ` այդ հանցանքի համար նախատեսված ամենախիստ պատիժը 5 տարին է:

«Նման խիստ պատիժ անգամ գլխավոր դատախազի ու այլ պաշտոնյաների համար սահմանված չէ»,- ասաց նա՝ նշելով, որ լավ է ճանաչում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Մենք միասին աշխատել ենք նույն տարածքում, նա` որպես Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, ես` որպես դատավոր: Առանց որևէ երեսպաշտության` ես խոր հարգանք ունեմ գլխավոր դատախազի հանդեպ` հաշվի առնելով նրա բարձր մարդկային հատկանիշները, սակայն կոնկրետ այս գործով գլխավոր դատախազն ուղղակի պարտավոր էր ղեկավարվել օրենքով և սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանություն»,-հայտարարեց Բարսեղյանը և հավելեց. «Եղբա’յր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք»:

Նախագահող դատավորը, սակայն, մերժեց ամբաստանյալի միջնորդությունը՝ նշելով, որ մեղադրող դատախազ Բիշարյանը պատշաճ մեղադրող է և նրան վարույթից հեռացնելու հիմքեր չկան: Այնուհետև դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

*

*