Առաջարկվող նախագիծն անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է․ ԲԴԽ-ն՝ դատավորների կենսաթոշակների փոփոխության մասին

«Դատավորի կենսաթոշակը նրա սոցիալական անկախության կարևորագույն երաշխիքն է, որի թուլացումը մեծագույն վտանգ է»
datavor

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ: Առաջարկվող նախագիծը, ըստ ԲԴԽ-ի, անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը:

«Դատավորի կենսաթոշակը նրա սոցիալական անկախության կարևորագույն երաշխիքն է, որի թուլացումը մեծագույն վտանգ է դատավորի ու դատական իշխանության անկախությանը:

Անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև, որ դատավորի կենսաթոշակի չափը` վերջին հաշվով կախվածության մեջ դնելով գործադիր իշխանության կողմից հաստատվող նվազագույն հաշվարկային միավորից, վտանգում է նաև իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը:

Առկա է մեկ այլ վտանգ ևս՝ ներկայումս լուրջ խնդիրներ են առաջացել դատական համակարգը բարձրորակ թեկնածուներով համալրման գործում: Առաջարկվող նախագիծը բազմապատիկ անգամ կվատթարացնի դատական իշխանության համակարգային բարեփոխումների գործընթացը:

Հավելենք, որ դատավորների սոցիալ-նյութական ներկա ապահովվածության վիճակը, ինչն անհարկի վատթարացավ դեռևս 2014 թվականին՝ քննարկման առարկա օրենքի և Կառավարության որոշման ընդունմամբ, արդեն իսկ գնահատվում է խիստ խնդրահարույց (հայտնի են միջազգային համապատասխան կառույցների միանշանակ բացասական արձագանքները), ինչի արդյունքում դատավորի պաշտոն զբաղեցնելը դարձել է ակնհայտ ոչ գրավիչ: Բնորոշ է այն, որ հիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար հավակնորդների քանակը նվազել է առնվազն 2,5 անգամ, իսկ արդեն այս տարի 1 թափուր տեղի համար այն կազմել է ընդամենը 2 անձ: Եթե դրան հավելենք նաև, որ մեծ թիվ է կազմում նաև բավարար գիտելիքներ չունեցող հավակնորդների աճը (2018 թ. թվով 90 դիմորդից գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել է միայն 24-ը), ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքում և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է»,- մասնավորապես նշված է ԲԴԽ հայտարարության մեջ:

*

*