Դատապարտյալները վերջապես կկարողանան վաղաժամկետ ազատ արձակվել

Պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է:

Կարճ ու կոնկրետ՝ նպատակահարմար չէ: Հենց այսպիսի պատճառաբանությամբ Հայաստանում պատժից վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովը 2016 թվականին ստացած 632 անձանց դիմումներից բավարարել է միայն 167-ը: Փաստաբանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն ու դատապարտյալների հարազատները դժգոհ են՝ Անկախ հանձնաժողովն իր գործունեությամբ ոչ միայն չի խրախուսում դատապարտյալներին ուղղվելու ու վաղաժամ հասարակություն վերադառնալու, այլ նաեւ ավելի է խորացնում ազատության եւ անազատության մեջ գտնվողների անջրպետը:

«Եղբայրս ընդունել է, որ գողություն է կատարել, զղջացել է, հետ է վերադարձրել գողոնը, դրա հետ միասին տուժողն էլ չի բողոքում, բայց  Անկախ հանձնաժողովը ոչ մի ձեւ չի ուզում ախպորս ժամանակից շուտ ազատ արձակի: 3 անգամ դիմել է, 3 անգամ էլ մերժել են: Ճիշտ է՝ 4 ամսից արդեն դուրս կգա, բայց սենց չպիտի լինի, եթե մարդը փոխվել է, զղջացել է, պետք է շուտ ազատեն»- ասում է դատապարտյանլի եղբայրը:

Գողության համար 3 տարվա ազատազրկման դատապարտված ու Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արմանի հարազատները, մասնավորապես՝ եղբայրը, վերջին մեկ ու կես տարիներին պայքարում են նրան պատիժը կրելու ժամկետից շուտ ազատության մեջ տեսնելու համար, սակայն՝ ապարդյուն:

Օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռում է՝ եթե ունես դրական բնութագիր, կալանավայրում չես ստացել տույժեր ու տուգանքներ, հանրօգուտ աշխատանք ես կատարել, ապա կարող ես դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, որը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու որոշում կկայացնի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ներկայացնել անկախ հանձնաժողովի քննարկմանը: Սակայն հենց այստեղ է, որ մերժումները հաջորդում են մեկը մյուսին:

«Սա ոչ թե ուղղման միջոց է, այլ ավելի վատ ճանապարհի են տանում դատապարտյալներին»,- ասում էԸնդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը :

Փաստաբան Արա Ղարագյոզյանը մի շարք դատապարտյալների դիմումներ է կազմել ու գործը հասել է Անկախ հանձնաժողով, սակայն իրավական տեսանկյունից այս ինստիտուտի գործունեության հարցում մի շարք խնդիրներ կան՝ մասնավորապես, փաստաբանն ու դատապարտյալն իրավունք չունեն մասնակցելու անկախ հանձնաժողովի նիստին, կարեւորագույն բացթողումն էլ այն է, որ այդ որոշումները հնարավոր չէ բողոքարկել դատական կարգով, եթե խախտումներն ընթացակարգային չեն եղել:

Խնդրին ամբողջությամբ տեղյակ են Արդարադատության նախարարությունում: Մասնագետների բողոքներն արդարացված են: Վիճակագրություն ունեն ձեռքի տակ ու համոզվել են՝ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Ոլորտը շտկելու համար օրենսդրական նոր նախագիծն արդեն Ազգային ժողովում է, առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Նունե Հովսեփյան

*

*