Փորձել են խաղալ հանրային տրամադրությունների հետ․ դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների դիրքորոշումներին

Դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիրքորոշումներին
datakhazutyun

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:

Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին,  անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործընթացի:

Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ։ 

*

*