Պահանջում են ՌԴ-ում դատապարտված քաղաքացուն տեղափոխել Հայաստան

Ցույց՝ կառավարության շենքի դիմաց։
cuyc

Մինչ կառավարությունում հերթական նիստն էր ընթանում, գործադիրի դիմաց կրկին տարբեր խնդիրներով քաղաքացիներ էին հավաքվել: Նրանց մի մասն Արդարադատության նախարարությունից պահանջում էր Հայաստան տեղափոխել 2015 թվականին Ռուսաստանում ադրբեջանցու սպանած եւ 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանին:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել արտահանձնել Արման Առաքելյանին, սակայն հայկական կողմը նպատակահարմար չի համարել դա: Արման Առաքելյանի հարազատներն ու ընկերները մի քանի անգամ դիմել են Արդարադատության նախարարությանը:

Ի դեպ, օրեր առաջ նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ թեեւ նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստան, սակայն քայլեր է ձեռնարկել նրա իրավունքները պաշտպանելու եւ համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ:

«Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս Հայաստանի Արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ Հայաստանի իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում նրա հարազատների մատնանշած խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված էր պարզաբանման մեջ:

 

*

*