Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով նախօրեի երեկոյան Երեւանում բերման է ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, ակումբի գույքը վնասել, սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործածել, բռնություն գործադրել 2 բնակչի նկատմամբ, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իրավապահները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Տվյալներ են ձեռք բերվել բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց շրջանակի վերաբերյալ:
Միջադեպի մասնակիցները «հաշիվ պահանջելու» եւ վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին: Հետագա հնարավոր ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին եւ բերման ենթարկել:
Հայտնաբերվել են ինքնաձիգ, փամփուշտներ, ատրճանակ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված: Կատարվել է 15-ից ավելի խուզարկություն:
Նախաքննությունը շարունակվում է: