Հանցավոր մեխանիզմ է բացահայտվել Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում

Նպաստառուների ցուցակում ներառելու համար պահանջել ու ստացել են գումար։
pogh

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները: Ոստիկանության տարածած տեսանյութում նշվում է այն մասին, որ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել: Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ: Այդ ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թթ, նույն կերպ՝ տարեկան 60 հազար դրամ է ստացել մեկ այլ քաղաքացուց, երկու դեպքով գումարը կազմել է 950 հազար դրամ:

Նույն մեխանիզմն է գործել Հրազդան գրասենյակի աշխատակից Հասմիկ Սարգսյանի դեպքում: Նա երկու հոգուց ստացել է ապօրինի վարձատրություն՝ մի դեպքում մեկ տարվա համար ստացել է 28 հազար դրամ 2010-2018թթ., մյուս դեպքում՝ տարեկան երկու ամսվա գումարը կազմել է 60 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 450 հազար դրամ է կազմել: Նա գումարը պահանջել է գրասենյակի ղեկավար Ստելլա Ղազարյանին փոխանցելու համար: Դարձյալ պետին փոխանցելու համար նույն գրասենյակի աշխատակից Կարինա Եգանյանն էլ տարբեր տարիներին երկու հոգուց տարեկան երկու ամսվա նպաստի գումար է պահանջել ու ստացել 334 հազար դրամ:

Հրազդանի գրասենյակի մեկ այլ աշխատակից՝ Նաիրա Խաչատրյանը, պետին փոխանցելու համար մի քաղաքացուց ստացել է 161 հազար դրամ ու յուրացրել: Եղվարդի գրասենյակի աշխատակից Վաղարշակ Մարգարյանն էլ մի կնոջից նրա ամուսնուն նպաստառուների ցուցակում ներառելու համար պահանջել ու ստացել է 98 հազար դրամ:

Բացահայտման միջոցառումները շարունակվում են:

*

*