Արաբկիրում ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը՝ երկու երիտասարդներ են։
qnnchakan-komite

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձի առաջադրվել է մեղադրանք։ ց

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է. «2016 թվականին նոյեմբերի 23-ին ահազանգ էր ստացվել Արաբկիր վարչական շրջանում գտնվող առանձնատներից մեկի բնակիչների նկատմամբ իրականացված ավազակային հարձակման վերաբերյալ։

Ստացված հաղորդման հիման վրա` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում` պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննության տվյալներով՝ սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և որպես զենք օգտագործվող ատրճանակի նմանվող առարկայի, ինչպես նաև դանակի գործադրմամբ սպառնացել բռնություն գործադրել տանը գտնվող բնակիչների նկատմամբ։ Ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը դանակով հարվածել է տանը գտնվող տղամարդու ոտքին, սակայն վերջինիս քրոջը հաջողվել է պատուհանի մոտ վազել և օգնություն կանչել։ Արդյունքում՝ տուն ներխուժած անձինք դիմել են փախուստի։

Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը 23 տարեկան երիտասարդ է, իսկ մյուսը՝ 19 տարեկան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23 և 19-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

*

*