Ազգանունը փոխած քաղաքացին հայտնել է, որ վերադարձել է հայրենիք՝ ծառայելու

Պարզվել է նաև, որ 2015 թվականից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։
artur-grigoryan

Մայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Գրիգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը, որը 2009 թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։

Պարզվել է նաև, որ 2015 թվականից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել։

Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց ճշտել իրավաբանորեն տարբեր անձանց նույնությունը, բացառապես ձեռնարկած միջոցառումներով ստացած օպերատիվ տեղեկությունների արդյունքում։

Գրիգը ոստիկաններին հայտնեց, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորել էր վերադառնալ ու ծառայել բանակում՝ խոստանալով, որ նրանց հանդեպ մեղմ վերաբերմունք կլինի իրավապահների կողմից։

*

*