Սպանությունների թիվը նվազել է, բնակարանային գողություններինը՝ աճել

Հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 2266-ով
artur-davtyan

Հայաստանում 2018-ին հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 2266-ով, սակայն նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2018թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 2266-ով կամ 11.2%-ով: Միջին հաշվով 100 հազար բնակչին բաժին է հասել 760 հանցավորության դեպք: ՀՀ-ն այս ցուցանիշով դեռևս դրականորեն տարբերվում է բազմաթիվ երկրներից: Հանցագործությունների թվի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների հաշվին: Հանցագործությունների տեսակարար կշռում շարունակել են բարձր մնալ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը: Միաժամանակ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Դա առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով նվազագույնն է »,-ասաց Դավթյանը:

Նրա խոսքով՝ 1995-2017-ին հանրապետությունում գրանցված սպանությունների միջին գործակիցը 10 0 հազար բնակչի հաշվով կազմել է 2.2 դեպք, իսկ 2018-ին այն կազմել է 1.2 դեպք: Դատախազը 2018-ին հանցագործությունների թվի աճի հիմնական պատճառներից նշեց նախորդ տարիներին կատարված և 2018-ին բացահայտված դեպքերի աճը, որին նպաստել է այդ հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնելու քաղաքացիների նախաձեռնողականության կտրուկ ավելացումը: 22 հազար 551 հանցագործության դեպքերի 16.6%-ը կատարվել են 2018-ին նախորդող տարիներին:

«Հանցագործությունների դեպքերի ավելացման երկրորդ հիմնական պատճառը բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցատեսակների պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնական լիազորություններ չարաշահելու և անցնելու դեպքերի աճն է, ինչը տվյալ դեպքում առավելապես բացահայտման արդյունավետության բարձրացման ցուցանիշ է»,-ասաց դատախազը:

Բացասական դինամիկա է արձանագրվել բնակարանային գողությունների դեպքերով, աճը կազմել է շուրջ 61,8%, մտահոգիչ է, որ աճն ուղեկցվել է բացահայտման ցուցանիշի անկմամբ:

*

*