Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում

Դատապարտյալին «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել
artik-qkh

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, ով ոմն Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել:

«Խցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել»,- նշեց Նավիկյանը:

Նրա խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի (Շեկո մականվամբ) սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և դատապարտել 17 տարվա ազատազրկման։

*

*