Միջնորդություն է ներկայացվել՝ ՊՊԾ գնդի գրավման գործով Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ppts-gund

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն  ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը նշեց, որ եթե նախկինում առկա էին նրան կալանքի տակ պահելու հիմքեր, ապա ներկայումս դրանք գոյություն չունեն:

«Ես գտնում եմ, որ ստորագրությամբ չհեռանալը որպես խափանման միջոց ընտրելը լիովին կարող է ապահովել և երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը: Գրավի միջնորդություն չեմ ներկայացնում, քանի որ իմ պաշտպանյալը չունի գումարի որևէ չափ վճարելու հնարավորություն: Խնդրում եմ հաշվի առնել նրա ընտանեկան հանգամանքները` նրա խնամքի տակ են երեք անչափահաս երեխաներ: Բացի այդ, զինվորական ծառայության ընթացքում պաշտպանյալս ձեռք է բերել երրորդ կարգի հաշմանդամություն»,- ասաց Շուշանյանը:

Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը՝ նշելով նաև, որ վերջին շրջանում նրա վարքագիծը ևս տալիս է նրան ազատ արձակելու հիմքեր:

Մեղադրական կողմը չառարկեց և ասաց, որ Հայաստանում վերջին շրջանում իրադարձությունների փոփոխությամբ պայմանավորված՝ նրա կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը էականորեն նվազել է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետ, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ 1, 2 կետի հատկանիշներով:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները