Համաներման մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար չէ․ նախարար

Այն կկիրառվի ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ
artak-zeynalyan

Քրեական համաներում հայտարարելու մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն զուտ մարդասիրական ակտ է:

ԱԺ նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցումն է, այդ մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Համաներում հայտարարելու նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն բացառապես մարդասիրական ակտ է: Դա իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին  Հանրապետության 100-ամյակի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում առկա է կալանավորված 2888 անձ, այնինչ ամբողջ տեղերի թիվը 5346 է: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ 780  տեղ կա: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155:  Զեյնալյանը շեշտեց, թե ինքը թվերը ներկայացրեց այն նպատակով, որ պարզ լինի՝ բեռնաթափման նպատակ չունեն:

«Նախագծով առաջարկվում է, որ… օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի չկրած մասը կրճատվի: Ընդհանուր առմամբ հիմնարկներում պահվող ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում»,-նշեց Զեյնալյանն ու հավելեց, որ դա կազմում է դատապարտյալների ավելի քան 36 տոկոսը, իսկ հիմնարկներում պահվող անձանց՝ շուրջ 22 տոկոսը:

Պրոբացիայի 3850 շահառուներից շուրջ 2720  անձի նկատմամբ ևս կկիրառվի համաներում, քննչական կոմիտեում քննվող շուրջ 6140 քրեական գործերից 1096-ի նկատմամբ ևս:

Զեյնալյանը վստահեցրեց, որ նախորդ տարվա համաներումների համեմատ սա ամենաշատ շահառու ունեցող համաներման նախագիծն է:

Օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել.

առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին,

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց,

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց,

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց,

5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց, կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել, կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախագծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

*

*