Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան (ուղիղ)

Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր ում չորրորդ օրն է, ինչ քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Քիչ առաջ դատարան ժամանեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել, իսկ այն քննարկելու համար նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր է:

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահները նաև վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Նախագահները նաեւ 500 հազարական դրամ գրավ են մուծել։

 

robert-qocharyan,-bako-sahakyan

naxagahner-qocharyani-datin

qocharyani-dat,arcaxi-naxagahner

 

*

*