Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործության 766 դեպք․․․
Arcakh

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործության 766 դեպք, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62 դեպքով կամ 8.8 %-ով: Այս մասին փետրվարի 23-ի ասուլիսում հայտնել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ ներկայացնելով  2017 թվականի ԱՀ գլխավոր դատախազության գործունեությունը:

Չբացահայտված է մնացել 11 հանցագործություն, որոնցից 9-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ 2017 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 9-ը (2016թ.` 14), ծանր հանցագործությունների՝ 47 (2016թ.` 47), միջին ծանրության հանցագործությունների՝ 259 (2016թ.` 243) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 451 դեպք ( 2016թ.` 400):

«Հանցագործություններն ընդհանուր թվով ավելացել են, բայց 2017 թվականին որակական իմաստով տեղի է ունեցել հանցագործությունների նվազում: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 766 հանցագործության դեպքից միայն 56-ը կամ ընդամենը 7,3%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (2016 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 704 դեպքից 61-ը կամ 8,6%-ը)»,- ասել է Արթուր Մոսիյանը:

Վերջինս հավելել է, որ ընդհանուր առմամբ դրական պետք է գնահատել հանցագործությունների բացահայտման անցած տարվա արձանագրված ցուցանիշը՝ 98.4 տոկոս, որում իր ծանրակշիռ դերն են ունեցել ԱՀ դատախազության մարմինները:

*

*