Ապօրինի ծառահատման փաստով հարուցվել է 2 քրեական գործ

Վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում...
paytanyut

Հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում, որոնց վարորդները, սակայն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու  բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:

Հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի տեսակի ծառից ստացված վառելափայտ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ մեքենայի վարորդը զբաղվում է ապօրինի ձեռք բերված վառելափայտի վաճառքով և հուլիսի 22-ին նշված մեքենայով Լոռու մարզի Դսեղ գյուղի իր ծանոթ բնակչի հետ եկել է Գյումրի՝ ապօրինի ձեռք բերված վառելափայտն իրացնելու նպատակով:

Մյուս դեպքով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Վ-ն Լոռու մարզի մոտակա անտառից ապօրինի հատել և իր անձնական օգտագործման «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է բարձել 8մ3 կաղնի տեսակի վառելափայտ և տեղափոխել Շիրակի մարզի Արթիկի վարչական տարածք, որի մի մասը վաճառել է: Իսկ մյուս՝ 3,2մ3 վառելափայտը ոստիկանության կողմից հայտնաբերվել է մեքենայի ստուգման ժամանակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի  (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը)  1-ին մասով հարուցվել են քրեական գործեր:

*

*