Analitik.am-ի խմբագրին առաջադրված մեղադրանքի մի մասը կարճվել է, ի հայտ է եկել նոր դրվագ

Փաստաբանի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով նույնպես մեղադրանքը կարճվել է ու փոփոխվել:
ani-hovhannisyan

«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործում փոփոխություններ են կատարվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Անիի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանության նախկին գլխավոր պաշտոնյա Կարեն Բաբակեխյանի մասով Անիի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է:

Փաստաբանի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով նույնպես մեղադրանքը կարճվել է ու փոփոխվել: Սակայն ի հայտ է եկել նոր դրվագ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդավծի 2-րդ մասի հատկանիշներով՝ «շորթումը»:

Փաստաբանն ասաց, թե իր համար սպասելի էր, որ և Բաբակեխյանի, և Տիգրան Ուրիխանյանի մասով մեղադրանքը կարճվել է, քանզի այդ մասով հանցակազմ չի եղել: Այդուհանդերձ, նա ձեռնպահ մնաց այս փուլում ներկայացնել, թե ինչ առանձին դրվագ է այս գործում ի հայտ եկել, միայն ասաց, որ դա որևէ անձի չի վերաբերում:

«Ես այդ մասով միջնորդություններ կներկայացնեմ, հետո միայն կխոսեմ այդ դրվագի վերաբերյալ», -հայտարարեց փաստաբան Սիմոնյանը:

Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Այս քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:

*

*