Հայկ Ալումյանը ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին

Հայկ Ալումյանը նշել է, որ դատարանների վրա ճնշումներ կան
hayk-alumyan2

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին: Այս մասին նա հայտնել է ասուլիսի ընթացքում:

Հայկ Ալումյանը նշել է, որ դատարանների վրա ճնշումներ կան, հիշատակել է նաեւ Սահմանադրական դատարանի դիմաց հունիսի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիան եւ դրանից 2 օր անց դատարանի կայացրած որոշումը՝ մինչեւ հուլիսի 9-ը երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ներկայացված դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը:

Հայկ Ալումյանը հայտնել է, որ հաղորդում ներկայացնելու համար հիմք են դարձել նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ վերջերս տված հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունները: Ըստ Հայկ Ալումյանի՝ Ջհանգիրյանը 3 կարեւոր հանգամանք է մատնանշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու հիմք կարող է լինել: Ջհանգիրյանն ասել է, որ Սահմանադրական դատարանը չի քննի դիմումը: Ալումյանի խոսքով՝ այսինքն ստացվում է, որ Ջհանգիրյանը տեղյակ է, թե ինչ է անելու Սահմանադրական Դատարանը: Ջհանգիրյանը նաեւ ասել է, որ Սահմանադրական դատարանը, համենայն դեպս, այդ կազմով չի քննի դիմումը, այսինքն, ըստ Ալումյանի, Ջհանգիրյանը տեղյակ է, որ Սահմանադրական Դատարանում փոփոխություններ են նախատեսվում:

Հայկ Ալումյանն անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղհայցին: Նա նշել է, որ դատարան դիմելով` նրանք նպատակ ունեին, որ կհերքվի վարչապետի հնչեցրած արտահայտությունը: Սակայն երբ դատարանում հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, որոշվել է հրաժարվել հայցից:

*

*