Ալեքսանդր Սարգսյանը դատարան էր ներկայացել որդու գործով հարցաքննվելու

Վկաների թվում էին նաև տուժող Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լարիսա Առաքելյանը․․․
sashik

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու՝ Հայկ Սարգսյանի գործով մայիսի 16-ին հարցաքննվելու էր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Սարգսյանը, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքից և ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալն իր որդին է, չցանկացավ  վկայություն տալ, ինչպես  նաև պատասխանել դատարանի հարցերին։

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝  հրապարակելու նախաքննության ընթացքում  Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց, և  նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։

Որպես վկա՝ դատարանում էր նաև 2007 թվականին հարուցված քրեական գործը քննած քննիչը Խաչատուր Խաչատրյանը։

Քննիչը  հայտնեց, որ այն ժամանակ նա չի առնչվել այսօր հայտնի դարձած նոր հանգամանքներին։ Վկայի ցուցմունքից հետո Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը եւ որոշեց վկային լրացուցիչ հարցաքննության հրավիրել։ Դահլիճ վերադառնալով՝  Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ գործի մանրամասներն այդքան էլ լավ չի հիշում և որևէ հստակ պատասխան չի կարող տալ։

Վկաների թվում էին նաև տուժող Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լարիսա Առաքելյանը, ով պատմեց դեպքի մասին մանրամասներ և համաձայնեց տվյալներ փոխանցել որդու հետ կապվելու համար, որպեսզի դատարանը կարողանա վերջինիս հարցաքննության հրավիրել։

*

*