Զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբելու կարգը պատրաստ է

Այս մասին կառավարության նիստի ավարտին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
arcvik-minasyan

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբելու կարգը:

Ընտանիքները ներգրավվելու են եկամտաստեղծ գործունեության մեջ: Փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում։ Այս մասին այսօր, կառավարության նիստի ավարտին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Նախ պետք է բացահայտել կարիքները, քանի որ տարբեր են աջակցության սխեմաները եւ յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է առանձին կարիքների գնահատում:

«Խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաեւ Արցախյան ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է: Բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ՝ բաց կպահենք նաեւ մասնավոր փոխանցումները, ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հաստատվել է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թ. ծրագիրը, իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ Արծվիկ Մինասյանը վստահեցում է՝ ծրագրով կապահովվի նոր ապրանքատեսակների արտադրության եւ ծառայությունների մատուցման քանակական ու որակական աճ: Աջակցություն կստանան սկսնակ գործարարները: Կավելանան ՓՄՁ-ի սուբյեկտների թիվը եւ դրանց հաշվին կստեղծվեն նոր աշխատատեղեր, այդ թվում՝ մարզերում:

«Ծրագիրը նախատեսում է նաեւ գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում եւ այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի ուղղորդում՝ այդտեղ գործող եւ սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, ինչն իր հերթին կնպաստի ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրում գործազրկության կրճատմանը, հասարակության միջին խավի ձեւավորմանը եւ աղքատության հաղթահարմանը»:

*

*