ԱԺ-ն քննարկում է ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակման հարցը

Ամրագրված չէ, թե նախագահի փոխարեն ով է ստանձնելու...
aj-petairavakan

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակվել են նոր Սահմանադրությամբ, սակայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում մնացել են նրան վերապահված լիազորություններ, որոնք նա նոր Սահմանադրությամբ չունի: Օրինակ ամրագրված է, որ այլ պետություններին պետական գաղտնիք փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը սահմանում է նախագահը, սակայն նոր Սահմանադրությամբ նրան նման լիազորություն վերապահված չէ, դրա համար մենք այդ դրույթը հանել ենք նախագծից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ներկայացված նախագծում ամրագրված չէ, թե նախագահի փոխարեն ով է ստանձնելու տեղեկությունները, փաստաթղթերը ծառայողական կամ պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանք այլ պետությունների փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը: «Ես առաջարկում եմ մինչև երկրորդ ընթերցում օրենքի նախագծում հստակեցնել նաև այս հարցը, թե ով է ստանձնելու այս լիազորությունները, վարչապե՞տը, թե՞ կառավարությունը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի»,- եզրափակեց Թովմասյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները