ԱԺ-ն քննարկում է «Ներման մասին» օրենքի նախագիծը

Օրենքով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնելու սուբյեկտները:
azgayin-joghov

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար սկսել է քննարկել «Ներման մասին»  օրենքի նախագիծը, որը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենքով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնելու սուբյեկտները:

Օրենքը կարգավորում է ներման գործում ներգրավված մարմինների փոխհարաբերությունները: «Նախագահին առաջարկություններ ներկայացնելու է հանրապետության վարչապետը: Սահմանադրության պահանջն է, որ հանրապետության նախագահին ներում շնորհելու մասին առաջարկություն պետք է ներկայացնի որևէ մարմին: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Ներում շնորհելու առաջարկություն ներկայացնում է որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ: Մենք պահպանել ենք նաև ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գոյությունը, և վարչապետին կից կստեղծվի այդ հանձնաժողովը: Ներման խնդրագրի մերժումից մեկ տարի հետո դատապարտյալը կարող է կրկին խնդրագիր ներկայացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են բացառիկ հանգամանքներ»,- պարզաբանեց Քրմոյանը:

Դատապարտյալը ներման խնդրագիրը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որը պարտավոր է այն 3 օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը առավելագույնը 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում է վարչապետին, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ներման հանձնաժողովին, իսկ խորհրդատվական բնույթի զեկույցը 20-օրյա ժամկետում տրամադրվում է վարչապետին: Այնուհետև վարչապետի առաջարկությունը ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ ներկայացվում է հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ իր առարկություններով ետ ուղարկել վարչապետին: Վարչապետը կարող է ընդունել առաջարկությունները և խմբագրել հրամանագիրը կամ չընդունել և հրամանագիրը ետ վերադարձնել նախագահին, իսկ այս դեպքում նախագահը պետք է ստորագրի այն կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը չի ստորագրում հրամանագիրը և չի դիմում Սահմանադրական դատարան, հրամանագիրն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

*

*