«Ադրբեջանում ձերբակալված Գալուստյանին կարող էին «քյուֆթա» սարքել»․ իրավաբան Շամիրով

Մարատ Գալուստյանին չեն կարողանում այցելել․ ռուսական կողմը պատճառաբանում է՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը դժվարացնում է Մարատի պաշտպանությունը:

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին չի հաջողվում ստանալ այցելելու ունենալու թույլտվությունը: Ռուսական կողմը պատճառաբանում է՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը դժվարացնում է Մարատի պաշտպանությունը:

«Ռուսաստանի քրեական օրենսգրքով, եթե որեւէ երկրում ձերբակալվել է մեկ այլ երկրի քաղաքացի, իրավապահ մարմինները 24 ժամվա ընթացքում պետք է տեղեկացնեն այդ երկրի դեսպանությանը, ինչը Մարատի դեպքում չի արվել: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացու ձերբակալության մասին տեղեկություն չի ստացել: Այդ մասին տեղեկացրել են Մարատի ազգականները: Սակայն նույնիսկ դրանից հետո դեռ երկար ժամանակ Ադրբեջանական կողմից չեն կարողացել Մարատին այցելելու թույլտվություն ստանալ: Սա վրդովեցուցիչ է: Հայերեն ասեմ՝ այդ ընթացքում մարդուց կարող էին քյուֆթա սարքել»,- ասում է իրավաբան Մանուկ Շամիրովը:

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին ուղղված պաշտոնական նամակում ես նշել եմ, որ այս հարցում նրա աջակցությունն ու արձագանքն իսպառ բացակայում է, մինչդեռ նման հզոր երկիրը չպետք է թույլ տա որեւէ մեկին այդ կերպ վարվել իր հետ»,-շարունակում է իրավաբանը:

Մարատի հետ Ադրբեջան գործուղման գնացած Ելենա Մակարենկոյին եւս ձերբակալել են։

«Շատ փոքր, տոթ ու կեղտոտ բանտախուց էր: Այնտեղ ինձ մերկացնում ու ձեռնաշղթաներով տանում էին հարցաքննության: Մի քանի քննիչ միաժամանակ խաչաձեւ հարցեր էին տալիս, գոռում էին, նվաստացնում, վիրավորում, ստիպում էին, որ ստորագրեմ թղթեր, թե իբր կապված եմ հայկական հետախուզության հետ, աշխատում եմ հայերի համար: Հետո քննիչներից մեկն ասաց, որ պետք է կարողանալ ընկերներին ընտրել, դու բանտում ես քո հայ ընկերոջ պատճառով»,- պատմում է նա:

«Առաջին նամակում, որը ստացել է Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը, դեսպանության աշխատակիցները համարձակություն են ունեցել խոստովանելու, որ Ադրբեջանի ու Հայստանի միջեւ հակամարտության պայմաններում Մարատի հայկական պատկանելիությունը ծայրաստիճան դժվարացնում է նրա պաշտպանության հարցը: Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է դարձել»- պատմում է Մանուկ Շամիրովը:

Ադրբեջանական բանտում անցկացրած օրերն իմ կյանքում ամենածանրն էին: Ես անընդհատ հարց էի տալիս, թե ինչու Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներից որեւէ մեկը չայցելեց: Պատասխան մինչ օրս չեմ ստացել: Ձերբակալվելուց առաջ, ֆեյսբուքի իմ էջում գրել էի, որ ռուսներն իրենց հայրենակիցներին չեն լքում եւ, որ ես սիրում եմ իմ հայրենիքը: Հիմա գիտեմ, որ ռուսները լքում են: Ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց չինովնիկներին՝ ոչ»,- ասում է Ելենա Մակարենկոն:

*

*