ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել — Երկիր Մեդիա

ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել

«Պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք՝ ահաբեկչական գործողություններ իրագործելու նպատակով»
dalma

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել։

Նպատակը Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք։ Բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել»։

*

*