Հայ ռազմագերիների սպանության տեսանյութը, որ հրապարակվել է Տելեգրամյան ալիքներում, ռազմական հանցագործության մասին վկայություն է: Այն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը: Տարածված տեսանյութում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանուշ Սահակյանը տեղեկացնում է, որ 2 հայ զինծառայող նույնականացվել է, 7-8-ի ինքնությունն էլ պարզվում է:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր հայտարարել, որ եթե ապացուցվի, որ տեսանյութը իրական է, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն: Սիրանուշ Սահակյանը, փաստորեն, վկայում է՝ տեսանյութը ստուգված է եւ իրական է: Իրավագետները կադրերը սարսափելի են որակում, ասում են՝ Ադրբեջանն անցնում է բոլոր սահմանները:
Մինչ այդ Գլխավոր դատախազությունն էր հայտնել, որ Ադրբեջանում երկու տասնյակից ավելի հայ գերիների խոշտանգել են եւ անմարդկային վերաբերմունքի արժանացրել: Արձանագրվել է ադրբեջանական զինվորական զինծառայողների կողմից գետնին՝ բերանքսիվայր պառկած, հայկական զինվորական հագուստներով, մարտադաշտում սպանված զինծառայողների դիակներն անարգելու, անդամահատման, խեղման վերաբերյալ դեպքեր, ինչը զուգորդվել է տեսանկարահանմամբ: Գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհիմնավորված ձգձգել եւ խոչընդոտել է ռազմագերիների հայրենադարձումը: Նիկոլ Փաշինյանը թվիթով է անդրադառնում թշնամու այս հանացագործություններին: Գրում է՝ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը: Առաջինը մայիսին էր Բրյուսելում նման խոստում տրվել: Իսկ երկրորդը՝ հիմա. «Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչեւ սեպտեմբերի 30-ը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է՝ սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Ալիեւի օգնական՝ Հիքմեթ Հաջիեւի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս քննարկել են 17 հայ ռազմագերիների վերադարձը:
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները եւ լիարժեք հայաթափումը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանի համոզումն է: Սա թուրքերի կողմից իրականացվող հերթական ցեղասպանությունն է՝ 21 դարի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ գրել է նա: Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը օրախնդիր է համարել. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան` թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում