44-օրյա պատերազմից հետո էր: Մի օր Շաղիկն ինձ ցավով ասաց, որ դստեր՝ Անահիտի հետ գնացել էին Շուշիում տուն ընտրելու, չհասցրին գնել: Արցախից էր վերադարձել, առաջին այցն էր 44-օրյայից հետո: Մանկուց ըմբոստ ու պայքարող իր տեսակով, Շաղիկն իրենց տան 4 երեխաներից էր, որ անգամ հորը՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին էր ընդդիմանում, եթե երիտասարդ հոգին համաձայն չէր դաշնակցության որեւէ որոշման հետ, ինչը երեխաներին պայքարող մեծացնող հորը դուր էր գալիս:
Շաղիկը Դաշնակցությանն անդամակցել էր 1980 ականների վերջից ու առաջին ոգեւորությունը, որ ապրել էր 87-ի Եվրոխորհրդարանի բանաձեւն էր, որով վերջապես տասնամյակներ անց, ճանաչվել էր հայոց ցեղասպանությունը եվրոպական կառույցի կողմից: Այդ օրը Շաղիկ Մարուխյանն այն դաշնակցական երիտասարդներից էր, որ Եվրոպայում ներկա էր եղել հայ համայնքի մեծ հանրահավաքին, որպես ակտիվիստ: Պատմում էր, որ կուսակցական լինել-չլինելու հարցը ընտանիքում երբեք չի դրվել, ընդհակառակը, միշտ ասվել է, որ պետք է իմանան, որ Սփյուռքը ժամանակավոր գաղթօջախ է, որ իրենց տունը Հայաստանում է, որ ֆիդայիների արածը իզուր չի անցել: Շաղիկի պապիկը՝ Թորգոմ Մարուխյանը, երբեմն բացում էր Փետրվարյան ապստամբության քարտեզն ու ցույց տալիս: Նա եւս մասնակից էր եղել բոլշեւիկների ապօրինություններին հակազդելու, դաշնակցականների այդ գործողությանը: Հետո եղավ այնպես, որ Հրայր Մարուխյանը Հայաստան եկավ «Դեպի երկիր» ծրագրով՝ նորանկախ Հայաստանում հաստատվելու: Տարագիր հայությանը շուրջ 70 տարի սփյուռքում համախմբած, միավորած ու հայ պահած կուսակցության անդամները հնարավորություն էին ստացել հայրենիք գալու ու Հրայր Մարուխյանն առաջիններից էր, որ հաստատվեց մայր հայրենիքում, մինչեւ,որ ՀՀ առաջին նախագահի անօրեն որոշմամբ արտաքսվեց երկրից:
Շաղիկ Մարուխյանն, ով մանկության տարիներին ապրել էր Լիբանանում, ապա Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, որոշեց ի հեճուկս այդ օրերի պետական այրերի գործողությունների հաստատվել Երեւանում՝ հոր գնած բնակարանում: Ու հետո մի ողջ կյանք՝ աշխատանք Արցախի ներկայացուցչությունում, աշխատանք Հայ Օգնության Միության բարեգործական ծրագրերում, աշխատանք «Երկիր» օրաթերթում որպես խմբագիր, որում հայրենիք վերադառնալու մասին հոդվածը վերնագրել էր ՝ «Տիրոջ Իրավունքով», որոշ ժամանակ նա նաեւ աշխատեց Վորլդ Վիժոն Արմենիայի բարեգործական ծրագրերում: Հրապարակային գործել Շաղիկ Մարուխյանը չէր սիրում, թեեւ մի շրջան եղավ նաեւ ՀՅԴ Հայաստանի ղեկավար կառույցի՝ Գերագույն Մարմնի անդամ , սակայն, իր ըմբոստ պայքարող տեսակը աշխատանքով նվիրվելն էր յուրաքանչյուր գործի, որ ազգային էր: Ուներ հստակ կարծիք կանանց իրավունքների մասին: Միշտ զարմանում էր, որ մարտի 8-ը նշում են որպես կանանց մեծարելու տոն: Ասում էր՝ իրավունքների պաշտպանության օր է ու հիշեցնում էր, որ 1918-ին առաջին անգամ դաշնակցական կառավարության մեջ ունեցել ենք կին դեսպան, խորհրդարանում 3 կին պատգամավոր, բացի կին գրողներից ունեցել ենք նաեւ դաշնակցական գործիչների կանանց ազդեցությունը ամուսինների վրա:
Մանրամասները՝ Լիլիթ Մանուկյանի տեսանյութում