կարևոր
41521 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-01 19:58

Փաշինյանը Սյունիքով ճանապարհ է առաջարկում՝ առանց անձնագրում հայկական կնիքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԱԿ-ի ամբիոնից հետո Փաշինյանը հիմա էլ հարցազրույցի տաղավարից է պաշտոնապես դիմում Ադրբեջանին: Առաջարկն, այս անգամ Սյունիքի միջով ճանապարհ տրամադրելն է: Անգամ նախագծի անունն էլ որոշել. «Հայկական խաչմերուկ»: 
Սյունիքով ադրբեջանցիների մուտքի վերահսկողությունը ռուսական մաքսային պետական ծառայությանը պատվիրակելուց զատ Փաշինյանի համար ընդունելի է նաեւ, որ մաքսակետով անցնելիս՝ անձնագրերում հայկական դրոշմ չդրվի: Ադրբեջանցիներն ու թուրքերը հենց սրան էլ սպասում են՝ վստահ է Արմեն Աշոտյանը: 
Ռուսաստանից արձագանքը Հայաստանի տարածքով ճանապարհ տրամադրելու հարցին հստակ է. այն արտատարածքային լինել չի կարող: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները աշխատանքային խմբով քննարկել են. բոլոր ճանապարհները գտնվելու են այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով անցնում են: 
Փաշինյանը բաց տեքստով պատրաստակամություն է հայտնում ոչ միայն թշնամուն մեր տարածքով ճանապարհ տրամադրել, այլեւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հենց ընդհանուր տեսակետ լինի սահմանների հարցում, ասում է, խաղաղության պայմանագիրն է կստորագրվի: Ադրբեջանը, Փաշինյանի պնդմամբ, սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար 19-րդ եւ 20-րդ դարերի քարտեզներն է ներկայացնում, որն ինքն ընդունելի չի համարում: Նշում է՝ չի հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել, իսկ պայմանավորվածությունների մանրամասների մասին չի խոսում: 
Խաղաղության դարաշրջանը Հարավային Կովկասում իրական լինել չի կարող՝ բազմիցս ասել են փորձագետները: «Խաղաղության դարաշրջան» եզրույթը սպասարկում է միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նախագծերը: Հատկապես երբ տեսական խաղաղության դիմաց Ադրբեջանը պահանջում է գործնականում փակել Արցախի հարցը, ստանալ Հայաստանից ռազմավարական տարածքներ. սահմանագծման հետեւանքով վերահսկողություն Սյունիքի, Տավուշի, Արարատի եւ Գեղարքունիքի տարանցիկ հանգույցների հանդեպ: Թուրքիան էլ պահանջում է վերջնականապես փակել Հայոց Ցեղասպանության հարցը եւ տեղափոխել զուտ պատմական տիրույթ: 
Երբ Սոթքից Խոզնավար հատվածը դարձավ առաջնագիծ ու Ադրբեջանը մտավ Հայաստանի ինքնիշխան տարածք, Փաշինյանի խոսքով դիմեցին ՀԱՊԿ-ին, արձագանքն այն եղավ, որ հայ-ադրբեջանական սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ: Փաշինյանը դժգոհում է, բայց այդպես էլ չի հստակեցնում՝ պատրաստվում է արդյոք ՀԱՊԿ-ից հրաժարվել, թե ոչ: 
Փաշինյանն ակնարկում է ցավոտ լուծումների մասին, որի արդյունքում պետք է Հայաստանի անկախությունը պահպանվի ու գործընթացը համեմատում երեխայի ծնունդի հետ: Իր խոսքով պետք է հստակ իմանան Հայաստանի սահմանները որտեղ են սկսվում ու ավարտվում՝ որ կարողանան պահպանել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 
Ի վերջո, Փաշինյանի համար այդքան էլ հասկանալի չէ Հայաստանի ապագան, ռազմական գործողություն սկսվելու հավանականությունը չի բացառում, Ադրբեջանի հետ հստակեցված չեն սահմանները, բայց պնդում է՝ միակ հնարավոր լուծումը խաղաղության պայմանագրի ստորագրումն է:

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը