կարևոր
5986 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-29 19:04

3 նոր զոհ սահմանին. անակնկալ հարձակվելը Ադրբեջանի ոճն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կապանում Ադրբեջանի արձակած կրակոցները լսել են: Շտապել են պատսպարաններ: Կանանց ու երեխաներին դուրս բերելու մտադրություն, սակայն, չունեն՝ ասում է ազատամարտիկ Արթուր Ղազարյանը: Տղամարդկանց մեծ մասը տիրապետում է զենքին, եթե պետք լինի՝ կկռվեն: 
Երեք զինծառայողի զոհվելու մասին են պաշտոնապես հաղորդում նախարարությունից՝ սեպտեմբերի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Ականանետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ են կիրառել: Փաշինյանը կառավարության նիստում ասաց մանրամասները. Ադրբեջանը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ կատարող մեր զինծառայողների վրա: Ընդ որում, ադրբեջանական ստորաբաժանումը, որը կրակ է բացել, նույնպես գտնվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում: 
Անակնկալ հարձակվելը Ադրբեջանի ոճն է, մենք պետք է պատրաստ լինենք՝ ասում է «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանը: Նշում է՝ կամավորները սպասում են զենքի, բայց հրաման չկա: Թուրքին, ասում է, լավ է ճանաչում. մինչեւ այս ամենը սկսվելն էլ գիտեր: 
Փաշինյանը ադրբեջանական զինուժի՝ մեր երկրից դուրսբերումը պատկերացնում է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելով: Դա, ըստ նրա, կարող է լինել ՄԱԿ-ինը, ԵԱՀԿ-ինը կամ միջազգային այլ ձեւաչափով: Վարչապետը դա որակել է «ներխուժում» ու «հարձակում»: Մինչդեռ Հայաստանի պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունները բավարարվել են Ադրբեջանի հարձակումը «սադրանք» որակելով: 
Նաեւ նշել է. այն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է՝ բացահայտ արհամարհանք միջազգային հանրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կոչերին՝ պահպանելու հրադադարը: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում