Եռաբլուրում զոհվածների ծնողների ու ուժայինների միջեւ միջադեպից միայն 3 օր անց է Հայաստանի գլխավոր դատախազությունը ոստիկանների կողմից բռնության դեպքով քրեական վարույթ նախաձեռնում, այն էլ՝ ծնողների բողոքից հետո:
Թեւի պատռվածք, մատների կոտրվածք, սալջարդեր. մայրերից 5-ի մարմնին բռնության այս հետքերն են հիմք հանդիսացել՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու:
Բուժհաստատություններում Եռաբլուրից ոստիկանության բաժիններ տարած ծնողներից բոլորի մոտ են մարմնական բռնության հետքեր հայտնաբերել:
Դատախազություն հաղորդում տալուց առաջ ծնողները երկար են մտածել՝ իշխանությունը բավարար կամք ու համարձակություն կունենա՝ պատասխանատվության ենթարկելու մեղավոր ոստիկաններին:
Բերետավորների վայրագությունները նորություն չէին, ասում է զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը: Զոհվածների ծնողների հանդեպ բռնության դեպքեր էլի են եղել: Իր ամուսնուն ծեծելու դեպքն է հիշեցնում:
Փաշինյանի առանձնատան մոտ այս տարվա հուլիսի 3-ին այ այսպես ոստիկանները բերման են ենթարկում Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին: Աջից-ձախից նրան հավածող ոստիկաններից գեթ մեկը մինչեւ օրս պատասխանատվության չի ենթարկվել:
ՔՊ-ականները, պարզվում է, ծանր են տարել Եռաբլուրի միջադեպը, բայց ոչ թե ծնողներին բռնության ենթարկելու, այլ Փաշինյանի բերած պսակը տապալելու համար: Իշխանական վերնախավի ծաղկեպսակները կոտրելու ու դեն նետելու մասով փաստաբան Հովհաննիսյան ասում է՝ ոչ ադեկվատ մարդու հրամանով քրեական վարույթ է նախաձեռենվել: Քրեական օրենսգրքում ասում է չկա՝ ծաղկեպսակները դիտավորությամբ ոչնչացնելու համար անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հոդված: Վարույթ սկսելու հրահանգ է տրվել իշխանական օղակներից:
Ծնողներին ոտնատակ տալով Եռաբլուր մտնելը ոչ թե հարգանքի տուրք էր, այլ անարգանք ու խայտառակություն, ասում է՝ Աննա Մկրտչյանը:
Աննա Մկրտչյանը ընդգծում է՝ անվերջ պայքարի մեջ են լինելու, մինչեւ իրենց զավակների զոհվելու իրական մեղավորները պատժվեն: Եկող երեքշաբթի, երբ 44-օրյա պատերազմի օրը Փաշինյանը փորձի կրկին մտնել Եռաբլուր՝ մուտքի մոտ կհանդիպի զոհվածների ծնողներին. 26-ի գիշերը նրանք կրկին կլուսացնեն Եռաբլուրում՝ 27-ի առավոտյան Փաշինյանի մուտքը կանխելու համար:
Մանրամասները ներկայացնում է Լիա Սարգսյանը