կարևոր
5662 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-22 23:09

Իշխանասարում զորքը բահ ու քլունգ չունի՞. ՊՆ-ի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեղորայք, տաք հագուստ, սնունդ, մարտկոցներ այս օրերին տարբեր խմբեր, անհատներ են հավաքում ու սահման ուղարկում: Սյունիքի Իշխանասարի մոտի դիրքերում զորքը բահ, քլունգ եւ ինժեներական այլ պարագաներ էր խնդրել՝ խրամատ փորելու համար. լուրը համացանցում տարածվեց: Պաշտպանության նախարարությունից պարզաբանում են՝ տեղեկությունը հավաստի չէ. բոլոր հարցերին է՛լ, սրան է՛լ ծանոթ են ու արդեն արձագանքել են: 
2-3 օրվա ռազմական գործողությունների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գիծը՝ Սյունիքից մինչեւ Գեղարքունիքի մարզեր, փոխվել է, մեր զինվորները ստիպված են լինում գրեթե 0-ից խրամատ փորել ու ամրանալ: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, որն այս օրերին դրամահավաք է անում անհրաժեշտ իրեր ձեռք բերելու ու դիրքեր հասցնելու համար, նշում է՝ սննդի խնդիր չկա, անբավարար են՝ խրամատներ փորելու ու կահավորելու համար անհրաժեշտ իրերը: 
Պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել էր, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: Դրամահավաքների ու այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: Միեւնույն ժամանակ հեռախոսահամարներ էր հրապարակել, որ օգնել ցանկացողները աջակցությունը տրամադրեն ՊՆ-ի հետ համագործակցելով: 
Բրյուսովի անվան պետական համալսարանի դիմաց երիտասարդների մի խումբ օրեր շարունակ առաջին անհրաժեշտության իրեր է հավաքում ու անձամբ ուղարկում առաջնագիծ: Երիտասարդները նախապես տեղեկացրել են Պաշտպանության նախարարությանը ու ասել՝ իրենք ապրանքը տեղ կհասցնեն: Նշում են՝ հավաքում են այն, ինչ տղերքն են ուզել: 
Շատ անհատներ, Ավինա Աղաբաբյանի պնդմամբ, 44-օրյա պատերազմից հետո կորցրել են հավատը պաշտպանական գերատեսչության հանդեպ, գուցե այդ պատճառով է, որ չեն համագործակցում: Իսկ զինծառայողներին րոպե առաջ պետք են առաջին անհրաժեշտության ապրանքները: 
Միայն Պաշտպանության նախարարությունից չէ, որ կոչ են անում վստահելի աղբյուրների դիմել՝ օգնություն փոխանցելու համար: Ցավոք, լինում են դեպքեր, որ սրտացավորեն հավաքված օժանդակությունը հասցեատիրոջը չի հասնում: Չարաշահման դեպքերը բացահայտելու եւ կանխելու համար լուրջ քայլեր են ձեռնարկում՝ ՊՆ խոսնակն է վստահեցնում: Բանակի կողքին լինելու՝ հանրության պատրաստակամությունն, իհարկե, կարեւոր է, ասում է Ալվինա Աղաբաբյանը, բայց բանակի մատակարարումները պետք է պետությունը ժամանակին ու լիարժեք կազմակերպի. դա անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչ է:

 

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը