Ուկրաինայում պատերազմ սկսելուց 7 ամիս անց՝ Ռուսաստանում մասնակի զորահավաք է: Վաղ առավոտյան, տեսաուղերձով Վլադիմիր Պուտինը դիմեց Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից ու ազգությունից, ու բացատրեց որոշումը. անհրաժեշտ է պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է՝ Ռուսաստանը մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս ունի՝ գրեթե 25 միլիոն մարդ, բայց նախատեսվում է զորակոչել միայն 300 հազարին: Նրանք վերահսկելու են հազար կիլոմետրանոց շփման գիծը եւ երաշխավորելու են Ուկրաինայում, Շոյգուի խոսքով, ազատագրված տարածքների անվտանգությունը: Վլադիմիր Պուտինը Արեւմուտքին մեղադրել է՝ Ռուսաստանին թուլացնելու, ապա ոչնչացնելու նպատակի համար, պնդել, որ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Բրյուսելը Կիեւին դրդում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք: Պուտինը, առանց անուններ տալու,հիշեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի նախընտրական խոստումը, թե պատրաստ է անգամ միջուկային զենք կիրառել:
Ռուսաստանին միանալու հարցով սեպտեմբերի 23-27-ը հանրաքվե անցկացնելու մասին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի շրջանների ներկայացուցիչների հայտարարություններին անդրադառնալով՝ Պուտինը խոստացել է անվտանգ պայմաններ ստեղծել քվեարկության համար: Միացյալ Նահանգները, Գերմանիան ու Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի, իրենց բնորոշմամբ, բռնազավթված տարածքներում ցինիկ քվեարկության արդյունքները: Կիեւի քաղաքապետն էլ քաղաքակիրթ աշխարհին հորդորել է այսքանից հետո մոռանալ խաղաղ բանակցությունների մասին:
Եվ պատերազմի 210-րդ օրը Մոսկվան հայտնել է կողմերի կորուստների մասին: Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ունեն 5.937 զոհ: Արեւմուտքի հաշվարկներով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է: Իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարի, անցնում են 100 հազարը: Սրանով, Շոյգուի պնդմամբ, Ուկրաինան կորցրել է բանակի կեսը:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը