կարևոր
5329 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 18:33

Զոհի ծնողին քարշ տալով հեռացնում են, որ Փաշինյանը մոտենա նրա տղայի շիրմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամոթի ու բարոյալքման առավոտ:  
Այ այսպես, անարգելով, ուժ գործադրելով, Եռաբլուրից հեռացնում են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին, որ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը հպարտ, անվրդով անարգել մտնի պանթեոն: Որդեկորույս ծնողին քարշ տալով տանում են, որ այդ նույն ծնողի զոհված տղայի շիրիմին մոտենան ու խոնարհվեն։
Չեն մասնակցում նույնիսկ պաշտոնական արարողակարգին. ծաղիկը դնում ու անմիջապես հեռանում են: Ծանոթ տեսարան է, հերթական շոուն է, ծնողները տեսնել չեն ուզում: 
Զոհվածների ծնողները գիշերը 12-ից էին դեռ այստեղ, որ ոչ մի դիվերսանտ չպղծի տղերքի շիրիմները: Այդպես են ասում:  
Կարմիր ու սեւ բերետավորների մեծաքանակ զորքն ու Պետական պահպանության ծառայության զինված տղերքը մաստերկլաս են ցուցադրում: Բոլոր ծնողներին մեկ առ մեկ տանում են մեքենաները՝ ուղղությունը՝ ոստիկանություն: Քաշքշուկի ժամանակ բերման ենթարկելու փորձեր են անում անգամ ընդդիմադիր պատգամավորների հանդեպ: Հայաստան դաշինքից Քրիստինե Վարդանյանին բաց են թողնում, երբ լրագրողներն են բղավում՝ պատգամավոր է: 
Ոստիկանները խոչընդոտում են նաեւ լրագրողների աշխատանքը, մեկուսացնում են՝ բերետավորներով երկար պատ կազմած:  
Ոստիկանական պաշարումից լրագրողներն ազատվում են, երբ թանկ մեքենաներով իշխանավորներն են հեռանում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանուն իրենց ծնողներին քարշ տալով հեռացնելու պահը մեկնաբանել չի ուզում: 
Հերթով, շարքով եկան-գնացին Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները՝ գոռում են ծնողները, դողում՝ զայրույթից ու անճարությունից: 
Ոստիկանությունից ավելի ուշ տեղեկացնում են՝ «Եռաբլուր» պանթեոնից բերման են ենթարկել 37 քաղաքացու։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասում է՝ ծնողների ակցիան օրինական էր, մինչդեռ բերման ենթարկվածների վերաբերյալ արձանագրություններ են կազմել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով: 
Իշխանավորների բերած ծաղիկներն ու պսակները հուշաքարերի մոտ մնացին այնքան, որքան Փաշինյանն ու քպ-ականները: 

Մանրամասները ներկայացնում է Լիա Սարգսյանը