Կադրային ջարդ է սկսվել գլխավոր դատախազությունում: Նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օրերս երդվեց անշեղորեն, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ղեկավարել կառույցը, բայց աշխատանքի սկիզբը նշանավորեց Արթուր Դավթյանի կադրերից ազատվելով՝ նկատում են իրավաբանները: Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին նախ՝ ազատեց պաշտոնից, ապա տեղափոխեց Զինդատախազություն` տեղակալի հաստիքով: 3 օր անց Հովհաննիսյանը ավելի ցածր պաշտոնից նախընտրեց հեռանալ՝ սեփական դիմումի համաձայն:
Փաշինյանի արդեն նախկին օգնական Աննա Վարդապետյանը, չնայած հակասական կարծիքներին, ընտրվեց Գլխավոր դատախազ: Փաստաբան Սերգեյ Հարությունյանն այս փաստը հաշվի առնելով՝ կառույցի օրինական գործունեության հետ առանձնապես հույսեր չի կապում:
Աննա Վարդապետյանն ամեն կերպ փորձելու է սպասարկել օրվա իշխանության շահը, այլապես կդադարի վայելել վարչապետի հովանավորությունը՝ ասում է Եփրիկյանը:
Փաստաբանը իրավական այս կառույցից դրական ակնկալիքներ չունի, քանի որ արմատական փոփոխության դեպքում է հնարավոր դրական փոփոխության սպասել:
Աննա Վարդապետյանը շուտով կազատվի նախկին գլխավոր դատախազի նշանակած՝ առանցքային բոլոր կադրերից՝ համոզված են իրավաբանները: Այս պահին ստորագրել է զինդատախազ Վահե Հարությունյանի պաշտոնից ազատման հրամանը: Պաշտոնից ազատվել է նաեւ նրա տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական Արսեն Սարդարյանը: Մեկ այլ հրամանով Հայաստանի զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա: Աշխատանքից ազատվել է նաեւ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին: Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի վրա:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում