կարևոր
5278 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-20 14:38

Սահմանին՝ ժամկետայինի ու պայմանագրայինի կողքին, թշնամու դեմ հավասար կռվել են նաեւ կանայք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուսաննա Մարգարյան, Անուշ Ապետյան, Ալիսա Մելքոնյան, Իրինա Գասպարյան... այս կանայք կյանքը զոհեցին Ադրբեջանի սկսած վերջին պատերազմի ժամանակ: Սուսաննա Մարգարյանն անցավ Արցախյան բոլոր պատերազմներով, մասնակցեց ապրիլյան ռազմական գործողությանը, ու զոհվեց Ջերմուկում՝ սեպտեմբերի 14-ին: 50-ամյակի օրը հյուրերը զարմացել էին՝ առաջին անգամն էին տեսնում երեկոյան զգեստով, զուգված-զարդարված: 
36-ամյա Անուշ Աբետյանը Արմավիրից էր՝ երեք անչափահասի մայր: Քույրն ասում է՝ միշտ սիրել է զինվորականի մասնագիտությունը: 8 ամիս առաջ էր որոշել ու անցել պայմանագրային զինծառայության: Նրա խոսքով՝ Անուշի դուստրը եւս մտադիր է գնալ մոր հետքով ՝ զինվորական դառնալ: 
Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր: Եղբոր զոհվելուց հետո էր որոշել՝ երկիրը պահելու է նրա փոխարեն: Պայմանագրային զինծառայող էր՝ Գեղարքունիքի զորամասերից մեկում: 
Իրինա Գասպարյանը բուժքույր էր: Պատերազմի սարսափը տեսել էր նաեւ 44-օրյա պատերազմում: Որոշումը հստակ էր՝ զինվորի կողքին է լինելու մինչեւ մահ: Վազգանուշ Մինասյանը հավատացնում է՝ կին զինծառայողները պատրաստվածությամբ չեն զիջում տղամարդկանց: Այս կանանցից պետք է օրինակ վերցնել:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում