Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը:
«Նշված խախտումների առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»:
Հիշեցնենք, որ երեկ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել: