ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ:
Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:
Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները:
Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում բարձրացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականի պահանջը:Դրան զուգահեռ ԱԺ-ի դիմաց ԼՀԿ-ն հրավիրել է ցանկացողներին ՝ մասնակցելու նույն պահանջով բողոքի ակցիայի: