կարևոր
2926 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 20:07

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

 ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքի էջից, ով ի դեպ  Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է։ Բացի նրանից՝ այդ կազմում են նաեւ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:

Այցի շրջանակում Բրյուսելում կայացել է  հանդիպում  Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ. «Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ»,- գրում է Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝  զրուցակիցները կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. «ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Անդրադարձ է եղել նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից. «Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա»:

 Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում  տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ ևս:  

Ի դեպ՝ Սերժ Սարգսյանի երկրից բացակայելու փաստը բուռն քննարկվեց համացանցում։ Նրա փաստաբանն ավելի ուշ մեկնաբանեց, որ ՀՀ երրորդ նախագահը Հայաստանը լքել է դատարանի որոշմամբ։