660 դիտում, 2020.02.26 14:00

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա նախ նշեց, որ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: Պողոսյանը նկատեց՝ Ղրղզստանի պարագայում այս անհրաժեշտությունն ավելի քան առկա է, քանի որ գտնվում ենք միևնույն տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում: 

Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում:  «Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը:

Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:

կիսվել նյութով -