788 դիտում, 2020.02.25 18:25

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:

Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։

Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:

Այս առումով Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն է ընծայվել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։

կիսվել նյութով -