520 դիտում, 2020.02.25 14:55

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերինը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածները 27554-ն են, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի  դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե՛ կազմակերպչական, և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:

Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

 Առողջապահության նախարարությունը հորդորում է.

 

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:
կիսվել նյութով -