1056 դիտում, 2020.02.25 14:15

Միջադեպ՝ Երևանի թիվ 52 դպրոցում․ փոխքաղաքապետը զրուցել է կողմերի հետ

Միջադեպ՝ Երևանի թիվ 52 դպրոցում․ փոխքաղաքապետը զրուցել է կողմերի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այցելել է թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Տիգրան Վիրաբյանը երկար զրույց է ունեցել նախ երեխայի հոր հետ: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչը կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են իրականացրել և բռնության փաստը չի հաստատվել:
Երևանի փոխքաղաքապետը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում ենք, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Ծնողին առաջարկվել է՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում ենք, կտան իրավապահները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Երևանի դպրողներից մեկում երեխայի ծնողը ապտակել է ուսուցչին։

կիսվել նյութով -