208 դիտում, 2020.02.25 12:38

Գործադիրի հեղինակած օրինագծով կամրագրվի դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգման հարցը

Գործադիրի հեղինակած օրինագծով կամրագրվի դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգման հարցը

ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին:

Այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում»
թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Փաթեթը բավական լայն քննարկում է անցել: Միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ստացել դրական արձագանք»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ այն դարձնելով 8 անդամից բաղկացած: Նախատեսվում է ստեղծել նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից:

«Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները, և մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Արդարադատության նախարարը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

կիսվել նյութով -