510 դիտում, 2020.02.24 19:24

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ

 ՀՀ առողջապահությունը գնահատել է, թե բժշկական կազմակերպությունների  ինչ կարողություններ ունեն, որքանով են պատրաստ  կորոնավիրուսի հնարավոր ներթափանցմանը. բուժհիմնարկներին տրվել են ցուցումներ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«ԱՀԿ-ից կողմից տրված մեթոդական ուղեցույցներ են մշակվել, թարգմանվել, տեղայնացվել և տրվել բոլոր ԲԿ-ներին: Մենք նաև գնահատել ենք  բժշկական կազմակերպությունների կարողությունները, թե ինչքանով են պատրաստ, ինչ հագեցվածություն ունեն: Կարողությունները ամբողջովին գնահատված են, և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից կա ցուցում: Զբաղվում ենք այդ գործընթացն իրականացնելով»,-ասաց Վանյանը:

Նա պարզաբանեց՝ գնահատումն իրականացրել են այն համատեքստում, որ եթե լինի բռնկում, մեծաթիվ հիվանդներ, ինչ գործողություններ պետք է արվեն: Գնահատվել են, թե որքան համազգեստներ, դիմակներ ունեն և այլն:  «Եթե տեսնում ենք, որ բավարար չէ, լրացնում ենք կարողությունները: Այնպիսի վիճակ չէ, որ խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, մենք պատրաստ ենք: Խոսքը բռնկման, համաճարակի մասին է, մենք նայում ենք, որ նաև ամենավտանգավոր դեպքերի զարգացման ժամանակ պատրաստ լինենք հիվանդներին ընդունելու»,-ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում պաշտպանիչ դիմակների նկատելի պակասին, որոշ դեպքում դրանց արհեստականորեն բարձրացված գներին՝ Վանյանը  նկատեց՝ դեղատներում դիմակների պակասը վերաբերում է մի շարք երկրների: Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում  լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Սակայն դրանք բուժհիմնարկների, այլ ոչ թե մարդկանց սպառման համար են:

Վանյանը շեշտեց՝ ընդունում է, որ դիմակների բացակայությունը խնդիր է, հիմա քննարկում են այդ հարցը, փորձում են լուծումը գտնել: Բուժհիմնարկները պատրաստ են, եթե դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:

կիսվել նյութով -