362 դիտում, 2020.02.24 12:22

Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդայինը՝ սահմանափակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղարդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

«Նիստի  արդյունքներով որոշվել է.

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

կիսվել նյութով -