ՀՕՖ-ը գիտաժողով է կազմակերպել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար

Մասնակցել է երկու մարզերի ավելի քան 250 բուժքույր։
hof

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Հայաստանի Բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ 5-րդ բժշկական համագումարի շրջանակներում «Հայաստան-Արցախ հանուն առողջության» խորագրով գիտաժողով է անցկացրել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար։

Գիտաժողովը տեղի է ունեցել այսօր, Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։ Մասնակցել է երկու մարզերի ավելի քան 250 բուժքույր։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի ներկայացուցիչները, տեղացի ու 5-րդ բժշկական համագումարին մասնակցող արտասահմանյան մասնագետները անդրադարձել են առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպմանը, կանանց առողջությանը, ներհիվանդանոցային վարակի կանխարգելմանը։ Խոսել են նաեւ շաքարային դիաբետի, հեպատիտների ու դրանց կանխարգելման, ինֆեկցիոն հիվանդությունների ու մի շարք այլ կարեւոր թեմաների վերաբերյալ։ Գիտաժողովի ավարտին բուժքույրերը ստացել են կրեդիտներ ապահովող հավաստագրեր։

Գիտաժողովը հովանավորվել է ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» (ԱՀՏՄ) բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակներում:

*

*