ԵՊԲՀ-ում  Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել   — Երկիր Մեդիա

ԵՊԲՀ-ում  Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել  

Այն եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով
stom-kentron2 (1)

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին  վեհաժողովի մասնակիցները:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը  բուհի կողմից այս տարի կյանքի կոչված երրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծումն էր, երկրորդը՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի ձեռքբերումը և երրորդը Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի բացումը:

Նա շնորհակալություն հայտնեց  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի  շրջանակում հիմնված կենտրոնի բոլոր աջակիցներին և կազմակերպություններին:

Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ստոմատոլոգիայի բնագավառում:

 

 

*

*