Երեւանում մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը:

Համաժողովին այս տարի մասնակցում են 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն  սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները: «Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետեւանքով: Ոչ պակաս դեր ունի նաեւ չբալանսավորված սնունդը»,-ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող ծրագրերին:

 

*

*