Սուրճը, գազավորված ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները արագացնում են սրտի աշխատանքը

...իսկ պաղպաղակը չի զովացնում
surch-amar

Ամռանը շոգ եղանակով պայմանավորված սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի սննդակարգի. խուսափել մայոնեզով պատրաստված աղցաններից, մսամթերքը եփել երկար ժամանակ, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման ժամկետներին, փաթեթավորման ամբողջականությանը: Օգոստոսի 12-ին  լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց սննդագետ Հասմիկ Եղիազարյանը:

Սննդագետը շոգ եղանակին խորհուրդ չի տալիս ուտել շատ ճարպոտ մթերքներ,  նախընտրելի են բանջարեղենն ու մրգերը: «Սակայն մսից լիովին հրաժարվել ևս չի կարելի: Ցանկալի է օգտագործել թռչնամիս, ձկան միս: Աղցանների մեջ ավելացնել ձեթ, քանի որ այն պարունակում է վիտամիններ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: 25 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում ցանկալի է կես ժամը մեկ խմել ջուր: Կոֆեին պարունակող սուրճը և գազավորված ըմպելիքները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները առաջացնում են ջրազրկում, արագացնում սրտի աշխատանքը: Իսկ շոգ օրերին սիրտ-անոթային աշխատանքն արդեն իսկ գերծանրաբեռնված է» ,-ասաց Եղիազարյանն ու հավելեց, որ արյան 90 տոկոսը ջուր է պարունակում, և կարգավորելով ջրային բալանսը, կարգավորվում է նաև ճնշումը:

Սննդագետի խոսքով՝ թյուր կարծիք կա, թե պաղպաղակը կարող է զովացնել: Բոլոր պաղպաղակները պարունակում են պալմայի յուղ, որը կուտակվում է օրգանիզմում և օրգանիզմից դուրս է գալիս միայն մարմնի 40 աստիճան ջերմության պայմաններում: Իսկ ամռանը քանի որ մարդիկ սովորաբար չեն հիվանդանում՝ պահպանելով մարմնի 36.6 աստիճան ջերմությունը, պալմայի յուղը դժվար է դուրս գալիս օրգանիզմից: Եղիազարյանը խորհուրդ է տալիս ուտել տան պայմաններում պատրաստած պաղպաղակ:

 

*

*