Շոգ եղանակով պայմանավորված՝ շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

Ավելացել է նաև հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը...
shtapognutyun

Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շտապօգնության կանչերի թիվն ավելացել է:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այս շաբաթ միջինը 700-723 կանչ է գրանցվել, իսկ 10 օր առաջ կանչերի առավելագույն քանակը հասել է 650-ի:

«Հատկապես վերջին երկու օրերին շտապօգնության կանչերն ավելացել են, և դրան շատ է նպաստում ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Հիմնականում սրտանոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել»,-նշեց նա:

Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է նաև հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը.

«Երեկ՝ հուլիսի 3-ին, ունեցել ենք 173 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Նախկինում միջինը 18-20 տոկոսն էին հոսպիտալացվում, իսկ այս օրերին 25 տոկոսը հիվանդանոց է տեղափոխվել»,-ասաց նա:

Թագուհի Ստեփանյանը փաստեց, որ կանչերի թվում առաջին տեղում են սրտանոթային, ապա սուր շնչառական հիվանդություններն ու տրավմաները:

*

*