Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Մալայզիայի մայրաքաղաքում
anna-hakobyan-malazia-qaxckex1 (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ընթացող Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին:

«…աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: Մենք ունենք երկրներ՝ հարուստ եւ զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, եւ ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը եւ չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին եւ յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները եւ կամք ունենալ դրանք ճիշտ եւ հավասար բաշխելու:

Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաեւ մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի եւ աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու եւ նրանց համապատասխան, որակյալ  ծառայություններ մատուցելու համար:

Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի բնակիչներին: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաեւ վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու եւ բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:

Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է’լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում»,-իր ելույթում մասնավորապես նշել է Աննա Հակոբյանը:

*

*